Ռոմանտիկ շփումն ու հատուկ ծառայությունները

Ասում են, որ սոցիալական ցանցերից մեկով նրանց շփումն այնքան ռոմանտիկ էր, որ իրենց հաղորդագրությունների վրա լալիս էին նույնիսկ հատուկ ծառայություններից մեկի սենտիմենտալությունից և ռոմանտիզմից հեռու աշխատակիցները:

 

Դիտարկենք այս իրավիճակը ՀՀ օրենսդրության տեսանկյունից: ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով: Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը: Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով»:

Դիտարկվող օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքն անօրինական միջամտությունից, իր պատիվը և բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք: Դատավարական գործողություններ կատարելիս առանց անհրաժեշտության չպետք է հավաքվեն, պահվեն, օգտագործվեն և տարածվեն անձի անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև անձնական բնույթի այլ տվյալներ: Դատարանի, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական և դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն: Անձնական կամ ընտանեկան կյանքի ինտիմ կողմերին վերաբերող ապացույցները քրեական դատավարությանը մասնակցող այն անձանց պահանջով, որոնց սպառնում է անձնական կամ ընտանեկան գաղտնիքի հրապարակումը, հետազոտվում են դռնփակ դատական նիստում: Անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումն առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն, իսկ դրա հետևանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ և 281-րդ հոդվածներն ամրագրում են, որ բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները կատարվում են դատարանի որոշմամբ:

Դատարանի որոշմամբ են կատարվում այն օպերատիվ-հետախուզական գործողությունները, որոնք կապված են քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հետ:

Դատարանի որոշման հիման վրա իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները սահմանվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն. «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` հեռապատճենի (ֆաքսի) վերահսկումը` տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց, փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` դրանց բովանդակության հետազոտումն է և դրանց արդյունքների ամրագրումը, ինչպես նաև նամակի, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներն ուղարկող անձի նույնացումը նրա ձեռագրի միջոցով կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ»:

Նույն օրենքի 26-րդ հոդվածն ամրագրում է, որ. «Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է`

1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`

ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը,

բ. հեռախոսահամարի պարզումը,

գ. տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,

դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսի համարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

 2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում` 

ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը, 

բ. հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը, հեռախոսահամարը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը. 

3) ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը, ինչպես նաև տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել` 

ա. ինտերնետային ցանցին միանալու և ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը և տևողությունը, ներառյալ` IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն, 

բ. ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID), 

գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, ինտերնետային հասցեն, ինտերնետային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը»: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել