Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`
1) ոստիկանությունը.
1.1) ռազմական ոստիկանությունը.
2) ազգային անվտանգության մարմինները.
3) հարկային մարմինները.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով.
5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:
Վերը նշված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Այդ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:
Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով և ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է ստացած հրամանի կամ ցուցումի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաստատում է տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատասխանատվությունը կրում է դրանք գրավոր հաստատած անձը:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցել օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net