Ջուլիետտա Պ.-ն դիմել է ՀՀ վարչական դատարան և խնդրել է.
1. անվավեր ճանաչել և վերացնել պետական մարմնի 21.03.2011 թվականի թիվ ԵԼ-1725 գրությունը,
2. ոչ իրավաչափ ճանաչել պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի գործողությունները, որոնք ուղղված են ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի նախագահի 19.07.2005 թվականի թիվ 207-Ն հրամանի հավելվածին հակասող ձևով շինության և հողամասի չափերը սեփականության վկայականում ոչ ամբողջական գրանցելուն, 3. անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մետաղագործների փողոցի X հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 03.06.2010 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը։
Հայցվորը և նրա ներկայացուցիչը դատարան ներկայացրած հայցադիմումով և դատաքննության ժամանակ հայտնել են, որ 26.05.2009 թվականի թիվ ԵԿԴ/0161/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն ճանաչվել է իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Մետաղագործների X հասցեի անշարժ գույքի նկատմամբ։ 21.07.2009 թվականին դիմել է պատասխանողին անշարժ գույքի պետական գրանցման խնդրանքով։ 23.07.2009 թվականի թիվ Ել-4969 գրությամբ ստացել է մերժման պատասխան։
Պատասխանում նշվել է, որ պետական գրանցումը մերժվել է, քանի որ առկա է հողամասի չափերի և կոմֆիգուրացիայի անհամապատասխանություն, մասնավորապես` հողամասի մակերեսը 227,0 քմ-ի փոխարեն կազմում է 235,0 քմ, ինչպես նաև հողամասի վրա առկա է այլ անձի կողմից օգտագործվող կարգավիճակը չորոշված շինություններ։
31.07.2012 թվականին հայցվոր Ջուլիետտա Պ.-ն և նրա ներկայացուցիչը դիմում են ներկայացրել դատարան, հրաժարվել են հայցից և խնդրել են գործի վարույթը կարճել։
Դատարանը գտել է, որ վարչական գործի վարույթը ենթակա է կարճման՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը:
Աղբյուրը` Իրավաբան.net