Մի՞թե սեփական հողամասում փոսորակ կառուցելու համար պատասխանատվություն է սահմանվում

ՀՀ վարչական դատարանի 18.11.2011թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «Վիկտորիա-Ս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արշավիր Սամուելյանի հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 12.10.2011թ. թիվ վ-33/2 որոշումը` վարչական ակտը, առոչինչ, ոչ իրավաչափ ճանաչելու և վերացնելու պահանջների մասին։

«Վիկտորիա-Ս» ՍՊԸ-ն հանդիսանում է Երևան, Մելքումովի 78 հասցեի 537քմ. հողամասի սեփականատեր, որպիսի իրավունքը գրանցված է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ անշարժ գույքի «Դավթաշեն» տ/ս-ում։ Ինքը 2011թ. օգոստոս ամսին դիմել էր Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողօգտագործման վարչության պետ պարոն Ասատրյանին՝ իր սեփական հողամասում 1×3 չափերի և 1.7 մետր խորությամբ փոսորակ փորելու համար։ Վերջինս պատասխանել էր, որ, եթե գետնից (հողից) բարձր չէ, ապա դրա համար թույլտվություն չի տրվում։ Պատասխանը լսելուց հետո ինքն իրականացրել է իր մտահաղացումը. «Վիկտորիա-Ս» ՍՊԸ-ի սեփական հողատարածքում փորել է փոսորակ` 1×3 չափերի 1.7 մետր խորությամբ և որպեսզի փոսորակի պատերը չհողմահարվեն՝ դրանք ամրացրել է միջնորմային սալիկներով, իսկ տակը՝ 1.7 մետր խորության վրա, բետոնապատել անձրևաջրերից հետո ցեխ չառաջացնելու համար։ Սակայն պատասխանողի՝ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցները 28.09.2011թ. արձանագրություն են կազմել, թե իբր ինքն առանց քաղաքաշինական փաստաթղթերի Մելքումովի 78-ում իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում 1×3 և 1.7մ. խորությամբ փոսորակ է բացել, ինչի հիման վրա էլ Երևանի նախկին քաղաքապետն իր 12.10.2011թ. թիվ վ-33/2 որոշմամբ տուգանել է 200.000 ՀՀ դրամ չափով:

Դատարանի եզրահանգմամբ` սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետի 12.10.2011թ. թիվ Վ-33/2 որոշումը կազմվել է օրենքի խախտմամբ, այդ թվում օրենքի սխալ կիրառման հետևանքով: Բացի այդ, Պատասխանողը դատարանում որևէ կերպ չհիմնավորեց, թե կոնկրետ ո՞ր իրավական ակտով է նապատեսված, որ իր սեփական հողամասում 1,0մx3,0մ և մոտ 1,7մ խորությամբ ստորգետնյա փոսորակ կառուցելու համար անհրաժեշտ է շին. թույլտվություն, որ այդ փաստը քննարկվել և հաստատվել է վարչական վարույթի ընթացքում։

Ուստի դատարանը վճռեց «Վիկտորիա-Ս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արշավիր Սամուելյանի հայցը բավարարել` վերացնել Երևանի քաղաքապետի 12.10.2011թ. թիվ վ-33/2 որոշումը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել