Երևան համայնքում կան մոտ 4682 բազմաբնակարան շենքեր, ու ոչ բոլոր բազմաբնակարան շենքերում կան թաքստոցներ:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, տեղի ունեցած Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Որոշ շենքերում կան թաքստոցներ, բայց տարիների ընթացքում դարձել են առևտրի կենտրոններ, ինչպես նաև հաճախ այդ թաքստոցները լցված են լինում շինաղբով: Այս ընթացքում մոտավորապես 172 «Կամազ» մակնիշի ինքնաթափով շինաղբ ենք այդ թաքստոցներից հանել, և այդ թաքստոցների նախապատրաստման և պատրաստման աշխատանքները մինչև հիմա կատարվում են»,- ասաց փոխքաղաքապետը։
Նա նշեց, որ այս ընթացքում աշխատանքներ իրականացվել են նաև դպրոցներում, մանկապարտեզներում, հանրակրթական տարբեր հաստատություններում, որոնք գտնվում են Երևան համայնքի ենթակայության տակ:
«Ես տեղյակ եմ և ավագանուն խնդրել էի, որ հնարավորության դեպքում, քանի որ ծավալները մեծ են, նույնպես ստուգումներ իրականացներ, և դրանց հետևանքով տարբեր հարցադրումներ են բարձրացվել, որոնք լուծումներ են ստացել»,- ասաց նա:
Հրաչյա Սարգսյանը նշեց, որ այս պահի դրությամբ կա երեք վարչական շրջան, որտեղ բոլոր խնդիրները 80-90% լուծված են: Իսկ աշխատանքները դեռ շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև լինի այն իրական պատկերը, թե ինչ հնարավորություններ ունի Երևան քաղաքը քաղաքացիական պաշտպանության շրջանակներում: