Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ՝ ասել էր Վրեժ Ավետիսյանը

Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած՝ Վրեժ Ավետիսյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին: Իրավաբան.net-ի հետ զրույցում Վրեժի մայրը՝ Լուիզա Ավետիսյանն ասաց, որ Վրեժը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 30-ին, ծառայել է Մատաղիսում. «Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ»,- ասել էր Վրեժը:  Մայրը պատմում է, որ Վրեժն այնքան լավ էր ծառայել, որ  հրամանատարները նրան ուղարկել էին ռազմական ուսումնական զորամասում վերապատրաստման. «Սերժանտի կոչումով ու շնորհակալագրով վերադարձել էր Մատաղիս: Որոշել էր՝ այդ կոչումով Պոլիտեխնիկական համալսարանում սովորել»,-պատմում է մայրը:

Վրեժն ընտանիքի 6 երեխաներից ավագն էր: Մայրն ասում է, որ աշխատում ու իր քույր-եղբայրներին հոր նման պահում էր, պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:

Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրը, զանգել էր եղբորն ու ասել, որ պատերազմ է սկսվել, որ երեխաներին լավ նայի: Դրանից հետո ընտանիքի անդամները լուր չեն ունեցել Վրեժից:

«Որ զանգեցի հրամանատարին Վրեժիցս լուր իմանամ, հրամանատարն ասաց, որ հերոս տղա եմ ունեցել, միայնակ մարտի է բռնվել և մոտ 25 թուրք զինյալ է ոչնչացրել, 2 տանկ է խփել, դուք հերոս եք ծնել: Վերջում էլ ասաց՝ կներեք մեզ: Վրեժս այդպես էլ չվերադարձավ, որ իր նպատակներն իրագործեր: Շատ նպատակներ ուներ»,- ասաց Վրեժի մայրը:

Վրեժ Ավետիսյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել