Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել, որում ավում է.
Նախօրեին լրատվամիջոցներով Երևանի Ազատության հրապարակում կայացած հավաքի հեռարձակման ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից Գեղամ Մանուկյանը հավաքի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասել էր, թե քրեական գործով անցնող բոլոր անձանց հանրահավաքի ժամին կանչել են ՀՔԾ, և իբրև այնտեղ քննիչները նրանց ասել են. «Բան էլ չունենք ձեզ հարցնելու, մի ժամ պետք ա մնաք, որ միտինգի չգնաք»:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Գ. Մանուկյանի նշած օրը՝ 13.11.2020թ.-ին, ինչպես վերջինս, այնպես էլ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով հրավիրվել են հարցաքննության: Նշված հարցաքննությունների ընթացքում, բացի գործի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելուց, նրանց այլ բնույթի հարցեր չեն տրվել և քրեական գործի շրջանակներից դուրս անհարկի ձևակերպումներ, այդ թվում` Գ. Մանուկյանի կողմից քննիչներին վերագրված արտահայտություններ չեն հնչեցվել: Այնպես որ Գ. Մանուկյանի հայտարարություններն ընդամենը նրա երևակայության դրսևորման արդյունք են և ոչ այլ ինչ, քան պարզունակ սուտ:
Ի դեպ, որոշ լրատվամիջոցների ևս կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց: Մասնավորապես` 16.11.2020թ.-ին «Hayeli.am» լրատվական կայքով «ՀՀ տարբեր իրավապահ մարմինների 13 քննիչներ հրաժարական են տվել» վերտառությամբ և ՀՀ ՀՔԾ քննչական կազմի լուսանկարով լուրի տարածումն ուներ ընդամենը դիտելիություն ապահովելու և այդ կերպ նշված լրատվամիջոցի ցանկությունը որպես իրականություն ներկայացնելու նպատակ: Ի հեճուկս նմանատիպ շահարկումների` ՀՀ հատուկ քննչական ծառայության բոլոր քննիչները շարունակում են աշխատել բնականոն հունով և իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ հանրությանը հորդորում ենք չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հանդիսանալով ապաքաղաքական կառույց, շարունակում է օրենքով իրեն վերապահված ողջ գործիքակազմը ծառայեցնել հանրության շահերին` ապահովելով օրենքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործումը: