Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել. Հրանտ Բագրատյան

Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի իշխանությունից հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Ես կուզենայի ձեզ բացատրել՝ ինչու ենք նրան դավաճան համարում կամ ինչ ենք մենք ուզում, քանի դեռ կա այդ փաստաթուղթը, որը որեւէ կերպ չի ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը։ Արդյոք մենք ի վիճակի՞ ենք փոխել այդ փաստաթուղթը, եւ եթե այո, արդյոք այդ իշխանություն դա կանի՞։ Ես կասեմ մահասարսուռ փաստեր։ Ես կրում եմ պատասխանատվություն ասածիս համար, այդ փաստերի նպատակն այն է, որ ցույց տանք՝ դա եղել է նախօրոք մտածված դավաճանություն։ Մենք պատմության մեջ չենք ունեցել ղեկավար, որ երկրի 25 տոկոսը հանձնի ու գնա»,- ասաց նա։

Նախկին վարչապետն ասաց, որ պատերազմի այսպիսի արդյունքը նաև գեներալներին «նեղելն էր». «Սկսվեցին կռված զինվորական վերնախավին, կռված հին տղաներին, քաղաքական գործիչներին, որոնք 90-ականներին հաղթանակ էին արել, սկսեցին նրանց նեղել. ձերբակալություններ, Խաչատուրով, Օգանովսկի, Սեյրան Օհանյան»։

Բագրատյանը ընդգծեց՝ մեր զինվորների 82 տոկոսը մահացել են բեկորներից. «ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, որն այս պատերազմում ցույց տվեց զրոյական հատկություններ, երեկ հայտարարում է, որ դա այդպես չէ, ասելով, որ մեր դեմ կար 5-րդ սերնդի զենք։ Տղա ջան, բա էս ընթացքում ինչո՞ւ էիր այս ընթացքում տասնյակ հարյուրավոր միլիոն դոլարների Օսա-ԱԿԱ առնում, որի արդյունավետությունը 30-40 տոկոս է։ Մեզ որ ասում էին՝ ծանր մարտեր են գնում հարավային ուղղությամբ։ Այդ ուղղությամբ սխալ ղեկավարման հետեւանքով առաջին բանկային կորպուսը մի քանի օրում լիովին ջախջախվել է. հարավային ուղղությամբ առանձին ինտենսիվ մարտեր չեն եղել։ Մեր զինվորին չեն տվել հնարավորություն կռվելու»։

Բագրատյանի խոսքով՝ այս փաստաթղթի հետ դեռ ինչ-որ բան կարելի է անել. «90 տոկոսով ռուս խաղաղապահները տեղակայվել են, բայց փաստաթղթի հետ ինչ-որ բան կարելի է անել։ Այդ բանը չի անելու Նիկոլ Փաշինյանը, նա այսօր ընկերացել է Էրդողանի եւ Ալիեւի հետ։ Եթե չկա Քելբաջար, Ղարաբաղ չի կարող լինել։ Բանակցելու ժամանակ երբ քարտեզը գծվել է, հայ բանակցողը չի իմացել, որ Քելբաջարի շրջան կոչվածը դա Շահումյանի շրջանն է։ Բանակցողը չի իմանում քարտեզը, որ այդ քարտեզը ստորագրելու դեպքում տրվում է կապը Կապանի եւ Գորիսի միջեւ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել