Հադրութի կանայք բաց նամակ են հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
«Մի կողմ դնելով ցասումն ու անհատակ ցավը, դիմում ենք Ձեզ, որպես մարդու, ում ընտրել են մեզանից շատերը․
Այսքա՜ն տարիներ խոսվում էր բանակցությունների և փոխադարձ զիջումների մասին։ Կրկնում ենք՝ ՓՈԽ-զիջումների։ Հիմա պահանջում ենք պատասխանել՝ լինելով մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպե՞ս հետ կանգնեցիք Ձեր ստանձնած առաջնահերթ պարտավորությունից և հերիք չէ, որ խայտառակ փաստաթղթի ստորագրմանը ձեր համաձայնությունը տվեցիք, ավելին՝ Արցախի կարգավիճակի հետ կապված հարցը չեք բարձրացրացնում։Այդ ինչպե՞ս դեռ փոխզիջման տրամաբանությունը փոխարինվեց միայն խայտառակ զիջումներով։
Ինչպե՞ս հասկանալ, երբ մեր անվտանգության գոտին զիջվում է, մեր պատմական երեք շրջանները նվիրաբերում եք թշնամուն, որովհետև դրանք ըստ ձեզ ու նրանց համարվում են «օկուպացված», իսկ մեր Հադրութը, որը հայրենիք է և բռնազավթված թշնամու կողմից՝ հետ չեք պահանջում։
Մենք՝ հադրութցի կանայք, ում քաղաքի դռները, չգիտենք ինչու և ինչպես են բացվել թշնամու առաջ, պահանջում ենք ետ վերադարձնել մեզ։ Վերադարձրեք մեզ մեր ապրելու իրավունքը, մեր տները, մեր անցյալը, մեր ներկան մեր ապագան։ Ու, որ ամենակարևորն է՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։ Մենք պետք է վերադառնանք մեր տները, որովհետև այն մեր ծննդավայրն է և մենք ուրիշ տեղ գնալու հնարավորություն ու մտադրություն չունենք։
Պատասխանեք մեզ, պարոն Հարությունյան,
- Ինչու՞ Հադրութը նվիրվեց թշնամուն
- Ինչու՞ չպահանջվեց այն, որպես, թեկուզ, փոխանակում այն 3 շրջանների հետ, որոնց ժապավեն կապած՝ հանձնել եք։
- Ի՞նչ քայլեր անենք, որպեսզի աշխարհն իմանա այս անարդարության մասին, որպեսզի մենք վերադառնանք մեր տները»։