Չտեսանք Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կամավորական ջոկատ՝ Շուշիի մոտակայքում կռվելիս, գուցե սա՞ է պատճառը, որ Շուշին ընկավ․ Փաշինյան

Վարչապետն Նիկոլ Փաշինյանը ուղիղ թերի ժամանակ խոսեց Շուշիի անկման ու դրա շուրջ ծավալվող խոսակցությունների մասին։

«Շատ է խոսվում Շուշիի անկման մասին, շատ է խոսվում Շուշիի շուրջ դավադրությունների մասին և ես ուզում եմ ասել, որ Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին ետ վերադարձնելու փորձեր են արվել, մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուսը մի ջոկատ հաջողվել է ներս մտնել Շուշի և ամբողջ հակասությունները Շուշիի շուրջ լրատվությունների՝ կապվում էին հենց սրա հետ, որովհետև մի օր, ամսի, չեմ հիշում կոնկրետ օրը, Շուշին, ըստ էության, անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մի հակագրոհ եղավ մեր կողմից՝ Շուշին ետ վերցնելու, որը ձախողվեց և հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի։

Մեծ հաշվով, ցավոք, իրադրությունն այդ առումով չի հաջողվել փոխել և քանի որ այս դավադրությունների մասին խոսակցությունները արդեն քաղաքական մակարդակ են տեղափոխվում, ինձ ասացին, որ երեկ, օրինակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանւ հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, թե իբր հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, ՌԴ-ն պատրաստ էր խաղաղապահներ տեղակայել, բայց ես չեմ համաձայնվել այդ ժամանակ և համաձայնվել եմ միայն այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել, այսինքն պայմանավորվածությունն էդպես է եղել, որ Շուշին ընկնի, հետո նոր ես կհամաձայնեմ խաղաղաահներին»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, դա անհեթեթություն է, քանի որ մինչև հոկտեմբերի 28-ը ինքը միջազգային երկու, այդ թվում ՌԴ լրատվամիջոցի հայտնել է, որ կողմ է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը։

«Եթե դավադրության կամ դրա պատճառների մասին ենք խոսքում, եկեք արձանագրենք նաև էսպիսի մի փաստ․ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու այդ ջոկատը, ու հետո մենք տեսանք ռեպորտաժ, վերնագիր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք նիվաներ՝ կամուֆլյաժ ներկով ներկած, տեսանք վիլիսներ և այլն․․․ Բայց այդպես էլ, կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս։ Գուցե սա՞ է պատճառը, որ Շուշին ընկավ, որովհետև, որ այդ ջոկատը, այդ խումբը, որը կռվում էր Շուշիի մոտակայքում և մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե, եթե բավարար ռեզերվներ լինեին՝ հնարավոր կլիներ Շուշին պահեր։ Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին։ Գուցե սա մի փոքր սիմվոլիկ․․ բայց իրականում սիմվոլիկ էլ չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ գուցե այդ նիվաները․ վիլիսներն ու ջոկատները ոչ թե Շուշիում, այլ Հայաստանում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել։ «Եթե այդպես է, այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչն անպայման տեղի կունենա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել