Զինվորները սիրում էին Գևին, Գևն էլ՝ զինվորներին, լույսի մեջ մնաս, պարո՛ն լեյտենանտ․ Արեգ Սարդարյան

Արեգ Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Պարո՛ն Արշակյա՞ն»,-մի քանի օր շարունակ լսում էինք, երբ հերթական զինվորը զարմացած մոտենում էր մեզ, ինչին հաջորդում էին ծիծաղը, հուզմունքը, գրկախառնությունները։ Զինվորները սիրում էին Գևին, Գևն էլ՝ զինվորներին։ Դե, մենք էլ, բոլորի պես, սիրում էինք հա՛մ Գևին, հա՛մ զինվորներին։ Գևը օրինակելի ուսանող, օրինակելի մարդ, օրինակելի սպա։ Քաղաքացիական կյանքում ես էդ օրինակելիությանն առանձնապես ուշադրություն չէի դարձրել։ Միասին անցկացրած մեր վերջին 16 օրերի ընթացքում, երբ, օրինակ, փորձում էինք Գևին համոզել, որ մեկ-մեկ կարելի ա հայհոյել)) կամ տեսնում էինք, թե ոնց ա շփվում զինվորների հետ, ոնց ա պայուսակի մեջ լցնում քաղցրեղեն, ծխախոտ և այլ իրեր ու շալակած տանում մի քանի կիլոմետր հեռվում մնացած զինվորներին, ոնց են աչքերը փայլում տղերքի պատմությունները լսելիս, իմ համար նորովի բացահայտեցի Գևի ֆանտաստիկ (իր սիրած բառն էր, ի դեպ) տեսակը։

Մեր գործը սկսվեց Շուշիում՝ մեր սիրելի քաղաքում, որտեղ ամեն մեկս ինչ֊որ միջոցառման պլաններ էինք կազմել հետագայի համար։ Հիմա արդեն մեզ ու Շուշին կապող նոր օղակ կա՝ մեր Գևը։

Վստահ եմ՝ մյուսներն էլ լսում են Գևի ծիծաղի ձայնը, երբ խոսում են իր մասին, ու դեռ կլսեն, երբ Շուշիում սեղանի շուրջ նստեն…
Լույսի մեջ մնաս, պարո՛ն լեյտենանտ»։

Վերջին օրերին Արեգ Սարդարյանը, ով նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, ու Գևորգ Արշակյանը հանդիպել էին առաջնագծում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել