3500 ԱՄՆ դոլար` եղբորը Արտաշատ քաղաքում տեղակայված ՌԴ զորքերի զորամասում ժամկետային զինծառայության նշանակելու պատրվակով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վահե Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մկրտիչ Ս.-ի եղբորը՝ Աշոտ Մ.-ին Արտաշատ քաղաքում տեղակայված ՌԴ զորքերի զորամասում ժամկետային զինծառայության նշանակելու պատրվակով, Մկրտիչ Ս.-ից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի՝ 1.445.500 դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար և խարդախությամբ տիրացել դրան։

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:

Գործով մեղադրյալ Վահե Ս.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարիվել է գրավով:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի`

 1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Խարդախությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով, կաշառք ստանալու պատրվակով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Խարդախությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են: 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել