Գեղարքունիքի ՇՊԱԿ դիմած քաղաքացին ուներ ներդրված ավանդ` նախկին խնայդրամարկղում: Ըստ կառավարության համապատասխան ծրագրի (Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր)` արդեն մի քանի տարի է, ինչ պետության կողմից կատարվում է ավանդի փոխհատուցում այն քաղաքացիներին, ովքեր համապատասխանում են սահմանված չափանիշներին (2005թ. հուլիսի 1-ից մինչև 2006թ. Ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքիների կազմում ընդգրկված, 70 տարին լրացած և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառու և այլն):
Քաղաքացին 2009թ.-ից սկսած, բազմաթիվ անգամներ դիմել էր սոցիալական ծառայության տարածքային գրասենյակ, որը հանդիսանում է նշված հարցով զբաղվող իրավասու պետական կառույց, սակայն ստացել էր մերժում` ավանդի փոխհատուցում ստանալու վերաբերյալ:
Շահառուի տվյալները համապատասխանում էին սահմանված չափանիշներին, և վերջինս ավանդի փոխհատուցման ծրագրի պոտենցիալ շահառու էր հանդիսանում: Սակայն ավանդի փոխհատուցումը, այնուամենայնիվ, մերժվել էր մի քանի անգամ:
ՇՊԱԿ-ը, ուսումնասիրելով քաղաքացու փաստաթղթերը, տարբեր բնույթի հարցումներ ու դիմումներ ուղղեց սոցիալական ծառայության տարածքային գործակալություն և ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն: ՇՊԱԿ-ի կողմից ապահովվեց նաև ներկայացուցչություն` տարածքային գործակալությունում:
ՇՊԱԿ-ի անմիջական և հետևողական աշխատանքի արդյունքում շահառուին վճարվեց ավանդի փոխհատուցման գումարը` 190.000 ՀՀ դրամ չափով, ինչը շահառուն չէր կարողանում ստանալ արդեն 2 տարի` հոգալու համար ընտանիքի ծանր սոցիալական խնդիրները:
Քաղաքացին շատ ուրախ էր գործի հաջող հանգուցալուծման առիթով և շատ գոհ ու շնորհակալ հեռացավ ՇՊԱԿ-ից:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: