Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից, իսկ օտարերկրյա դատարանի դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ միջնորդությունը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից բավարարվելու դեպքում` տվյալ դատարանից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարագիր է վերցնում պարտապանից նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, եթե կատարողական վարույթ հարուցելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները:
Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն վերջին 6 ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասին:
Պարտապանը չի ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր՝ ոչ գույքային բնույթի, ինչպես նաև մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով:
Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Աղբյուր` Իրավաբան.net