ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։
Այս մասին տեղեկանում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով, որի թիրախում այլ քաղաքացիական ենթակառուցվածքների կողքին հայտնվել են նաև կրթական հաստատությունները:
Ա. Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունն ու ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունները գործադրում են առավելագույն ջանքերը արցախցի ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար՝ ներկա փուլում առանձնացնելով ուսումնական գործընթացի մեջ արցախցի ուսանողների ներգրավման ապահովման և առաջիկա կիսամյակային քննությունների պատշաճ կազմակերպման խնդիրները:
ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Հ. Մինասյանն իր հերթին ներկայացրել է պատերազմով և համավարակով պայմանավորված այն դժվարությունները, որ արցախյան բուհերն ունեն իրենց ուսանողների հետ կապի հաստատման, ուսումնական գործընթացի վերագործարկման առումով՝ մեծապես կարևորելով հայաստանյան բուհերի կողմից տրամադրվող աջակցությունը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել օպերատիվ աշխատելու առկա խնդիրներին միասնական մոտեցում ապահովելու, բայց և ուսանողների խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու առումներով: