Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն, շքեղություն, այլ վարձատրության համակարգի բաղկացուցիչ․ Ատոմ Ջանջուղազյան

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովում Հայաստանի 2021 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ անդրադարձավ  լուրերին, որ պարգևավճարները 21.7%-ով ավելանալու են: Նա ասսաց, որ «պարգևավճար» եզրույթի տակ ընկած գաղափարախոսություն կա, որը շատ հաճախ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

«Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն, շքեղություն, այլ վարձատրության համակարգի բաղկացուցիչ և ըստ էության, որպես միջանկյալ լուծում, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին և կարող ենք արձանագրել, որ ծանրաբեռնվախությունը պետական համակարգում բաշխված է համաչափ և աշխատանքի վարձատրությունը համարժեք է: Ընդ որում, այն տրամաբանությամբ՝ ինչ որ այսօր Հայաստանի աշխատուժի շուկան ունի: Երբ որ մենք ակնկալում ենք, որ պետական համակարգը պիտի որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ դա հնարավոր է կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում»,- ասաց ֆինանսների նախարարը:

Ըստ նրա՝ մեր երկրում եղած կարգավորումները, որոնց հիման վրա հաշվարկվում է աշխատավարձը, ինչն էլ  մանրամասն կարգավորված է օրենքով, ենթաօրենսդրական ակտերով, հաշվարկը վերածվում է թվաբանության: Ընդամենը գործողություններ են կատարվում և բավականին պարզ, ոչ մի բարձրագույն մաթեմատիկա չկա այդ հաշվարկի ներքո:

«Բնականոն աճ նախատեսում են մեր ունեցած կարգավորումները և այս աճը տեղի է ունեցել ինչպես այդ բնականոն աճի շրջանակում այնպես էլ՝ իրավական կարգավորումներում փոփոխությունների հաշվին։ Եթե ենթադրենք, որ որևէ մարմնում լրացուցիչ հաստիք է ավելացվել, այդ հաստիքը չէր կարող չհաշվարկվեր և չավելացվել այստեղ, դա պիտի արվեր: Կամ, եթե դրույքաչափը կամ պաշտոնն է փոխվել եղած հաստիքների շրջանակաում, որը վարձատրության ավելի բարձր դրույքաչափ է ենթադրում՝ իր արտացոլումը պիտի գտներ այստեղ: Պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա վարձատրության ընդհանուր չափի նույն 30%-ն է»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել