Դատարանը դատապարտյալի միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքն անհապաղ կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում:
Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասը կամ մասերը ժամանակին չի մուծում, և պատժի չկրած մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով:
Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իր գույքային դրությունը պարզելու նպատակով տա համապատասխան պարզաբանումներ:
Ինչպես նշվեց, տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով: Մասնավորապես` տուգանքի 1000 դրամը փոխարինվում է 5 ժամ հանրային աշխատանքներով: Հանրային աշխատանքները կարող են նշանակվել առավելագույնը 2200 ժամ:
Աղբյուրը` Իրավաբան.net