Հայաստանի ՄԻՊ-ը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով:

Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական էջից:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։

Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր:

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։

Արման Թաթոյանն անդրադարձել է նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:
Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել