Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Որոշ լրատվամիջոցներ վերջին օրերին հետևողականորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, թե իբր, Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե։ Նման լուրերը շրջանառության մեջ դնողների երևակայության համաձայն դրանք այն գումարներն են, որոնք հայտնաբերվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում և մինչ այժմ չեն վճարվել։ Հայտնում եմ, որ այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ինչը, ի դեպ, կարելի է ճշտել նաև հարկային մարմինների լրատվական ծառայություններից»։