Շինությունների նպատակային նշանակությունը դեռևս չի փոխվի

ՀՀ վարչական դատարանը քննեց վարչական գործն ըստ հայցի Մարտունու տարածքային սպառողական կոոպերատիվի` ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման` սպառողական կոոպերատիվի վարչական շենքի և պահեստների վերաբերյալ 2010թ. նոյեմբերի 23-ին տրված թիվ 2665250 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում ուղղում կատարելու, այն է՝ շինությունների նպատակային նշանակությունը հասարակականից արտադրականի փոփոխելուն և դրանք որպես առանձին կանգնած արտադրական նշանակության շինություններ գնահատելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Կոոպերատիվը պահանջի հիմքում դրել էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման կողմից Կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող պահեստների և վարչական շենքի գնահատումը սահմանված կարգով չկատարելու հանգամանքը, որի պատճառով Կոոպերատիվը հնարավորություն չունի գույքահարկի գծով ճիշտ հաշվարկներ կատարելու։

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնում է, որ Կոոպերատիվի շինությունների կադաստրային արժեքները գնահատելիս Ստորաբաժանման հակաօրինական գործողությունների փաստի մասին առկա է ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 2009թ. դեկտեմբերի 11-ի վճիռը, սակայն Ստորաբաժանումը ոչ միայն անհրաժեշտ հետևություններ չի արել այդ վճռից, այլև շարունակում է շինություները գնահատել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի պահանջների կոպիտ խախտումներով։

Հայցվոր կողմը պնդել է, որ Ստորաբաժանման ղեկավարությունը պարտավորվել է բավարարել Կոոպերատիվի պահանջը՝ շինությունների գնահատման գործում թույլ տրված սխալները շտկելու համար, սակայն մինչև օրս ոչինչ չի արել այդ ուղղությամբ։ Մինչդեռ սույն գործի փաստերով դատարանի եզրահանգմամբ՝ չի հաստատվում Ստորաբաժանման կողմից Կոոպերատիվի հանդեպ որևէ պարտավորություն ստանձնած լինելու հանգամանքը, քանի որ հայցվոր կողմը դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել