Սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր, նրանից մեկը գիշերն է արձանագրվել՝ Ավետարանոց գյուղում, ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Մեր նախնական վերլուծությամբ 10 հազար 500-ի մոտ մասնավոր սեփականություն՝ տուն, բնակարան, խանութ և այլն, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել է, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ։ 1100-ից ավելի շարժական գույք՝ մեքենա է վնասվել։ Այս թվերը, նախկինում էլ նշել եմ, որ մոտավոր են և ճշգրտման կարիք ունեն»,-ասաց Արտակ Բեգլարյանը։
Զոհերի և վիրավորների մասով նա նշեց, որ որոշ քաղաքացիական անձանց զոհվելու վերաբերյալ տեղեկություններ ունեն հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մուտք են գործել, սակայն, կրկին պայմանավորված ռամզական գորոծղությունների շարունակմամբ, անհնար է վերջնական ճշգրտված տվյալ ներկայացնել։ «Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան այդ բնակավայրերից»,-ասաց նա։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով կանոնավոր և խիտ կերպով թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքաներն ու հարակից բնակավայրերը, Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր են պարբերաբար հրթիռակոծության ու հրետակոծության ենթարկվել, նաև որոշակի պարբերականության Ստեփանակերտն է հրթիռակոծվում։
«Տեղյակ եք նաև երեկ երեկոյան եղած հրթիռակոծությունից։ Ըստ մեր տեղեկությամբ նրանք կիրառել են «Պոլոնեզ» տիպի հրթիռներ և թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ․ ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ ու արտադրական նշանակության օբյեկտներ»,-ներկայացրեց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով որ նաև գազատար է վնասվել։