Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որն 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։
Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։
Քաղաքային խորհուրդը մասնավորապես՝
Դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիան։
Դատապարտում է թիրախային գնդակոծություններն ու հրթիռային հարվածները Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա, ներառյալ՝ Ռայդի քույր քաղաք՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին։
Կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը հաստատուն կերպով միանալ Ռայդ քաղաքին և կոչ անել Ադրբեջանին և Թուրքիային հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքը։
Նշում է, որ Արցախի Հանրապետության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը հակամարտության միակ տևական լուծումն է և կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Ռայդի քաղաքային խորհուրդը նաև որոշում է կայացրել $5000 փոխանցել Համահայկական հիմնադրամին որպես մարդասիրական օգնություն Արցախին: