Ընկերության մասնակիցը վիճարկում է տնօրեն նշանակվելու վերաբերյալ նույն ընկերության որոշումը

Հայցվորը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ «Տ.Ս.Կ.» հաղորդակցության շինարարական կազմակերպություն ՍՊԸ-ի կանոնադրության համաձայն` հայցվորը հանդիսանում է Ընկերության կանոնադրական կապիտալի 26 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։ Սկսած 2008 թվականի հայցվորը որևէ տեղեկություն չուն Ընկերության գործունեության վերաբերյալ, չի ստանում ծանուցումներ Ընկերությունում անցկացվող ընդհանուր ժողովների վերաբերյալ, իսկ նրա բազմաթիվ փորձերն ստանալու նման տեղեկատվություն անհաջողությամբ են ավարտվել` Ընկերությունը որևէ կերպ չի արձագանքել և փաստացի հրաժարվել է տրամադրել տեղեկություններ։

Հայցվորը պահանջել է ընկերությունից տրամադրել 2008 թվականի և 2009 թվականի 9 ամսվա համար հաշվապահական հաշվեկշիռը, 2008 և 2009 թվականների համար շրջանառության տեղեկագիրը, 2008, 2009 և 2010 թվականներին կայացված ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների, շահույթի տեղաբաշխման և դիվիդենտների վճարման հարցերի վերաբերյալ մասնակիցների բոլոր ընդհանուր ժողովների արձանագրությունները, 2009 և 2010 թվականներին Ընկերության մասնակիցներին վճարող դիվիդենտների վճարման հանձնարարագրերի պատճենները, ընկերության հիմնադրման մասին պայմանագրի պատճենը։ Մինչդեռ Ընկերությունը չի հայցվորի կողմից հայցվող տեղեկատվությունը:
Հայցվորը խնդրել է դատարանից պարտավորեցնել պատասխանող ընկերությանը տրամադրել վերը նշված տեղեկությունը և անվավեր ճանաչել Մկրտիչ Պողոսյանին Ընկերության տնօրենի պաշտոնում նշանակելու վերաբերյալ 05.12.2009 թվականի որոշումը։

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընդունված կամ ընկերության մասնակցի իրավունքները և օրինական շահերը խախտող ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել ընկերության մասնակցի դիմումի հիման վրա։ Նման դիմում կարող է տրվել երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ ընկերության մասնակիցն իմացել կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին։

Տվյալ դեպքում, «Տ.Ս.Կ.» հաղորդակցության շինարարական կազմակերպություն ՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 05.12.2009 թվականի որոշման մասին հայցվոր Ալեքսանդր Իվանովը տեղեկացել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կենտրոն ՏԲ-ի 15.03.2010 թվականի տեղեկանքից, իսկ նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջը դատարան է ներկայացրել 14.05.2010 թվականին, վերը նշված հոդվածով սահմանված ժամկետի պահպանմամբ։

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է, որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները չպահպանելու կամ խախտելու դեպքում, ընկերության մասնակիցը կարող է դիմում ներկայացնել նշված օրենքի պահանջների խախտմամբ ընդունված ընդհանուր ժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։ Իսկ նշված «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետով հստակ սահմանված է ընկերության մասնակիցներին ժողովի անցկացման oրվանից ամենաուշը քսան oր (եթե ընկերության կանոնադրությամբ այլ ժամկետ սահմանված չէ) առաջ ժողովի մասին ծանուցելու ընդհանուր ժողով հրավիրող մարմնի պարտականությունը։

Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ 05.12.2009 թվականի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցել են Ընկերության մասնակիցների 74 տոկոս տրապետող անձինք, որոնք ընդունել են նշված որոշումը միաձայն։
Ընկերության կանոնադրության 7.7 կետի համաձայն` կանոնադրության 7.4.10 ենթակետով սահմանված հարցերի շուրջ որոշումները ընդունվում են ժողովի մասնակիցների ձայների երեք քառորդով։

Մինչդեռ, հայցվոր Ալեքսանդր Իվանովի` նշված նիստին մասնակցելու և որոշման ընդունմանը դեմ քվեարկելու դեպքում չէին պահպանվի Ընկերության կանոնադրության 7.7 կետի պահանջները, այն է` չեր ապահովվի կողմ քվեարկած մասնակիցների երեք քառորդը, ուստի որոշումը չէր ընդունվի։ Հետևաբար, դատարանը նշված հիմքով նույնպես կարևորում է նշված արտահերթ ընդհանուր ժողովին հայցվորին ծանուցելու անհրաժեշտությունը։

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ «Տ.Ս.Կ.» հաղորդակցության շինարարական կազմակերպություն ՍՊԸ-ի գործադիր մարմինը խախտել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, ուստի հայցվորի պահանջը` «Տ.Ս.Կ.» հաղորդակցության շինարարական կազմակերպություն ՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 05.12.2009 թվականի որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման։

Ինչ վերաբերում է տեղեկատվության տրամադրման պահանջին, ապա այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է վերը նշված վճիռն ու ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել