Կենսաթոշակը կստանա նաև նախորդ տարիների համար

Ֆ.Գ.-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ թիվ 1-2/4-2-1/460-1 վարչական ակտն անվավեր ճանաչելու և անցած ժամանակահատվածի համար կենսաթոշակ վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Դիմելով դատարան` Ֆ.Գ.-ն պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության թիվ 1-2/4-2-1/460-1 վարչական ակտը և պարտավորեցնել պատասխանողին անցած ժամանակահատվածի համար վճարել կենսաթոշակ։ Հայցվորը 1973-1997թթ. աշխատել է Արզնի «Կրիստալ» գործարանում որպես ադամանդ նիստավորող։ Իր 59 տարին լրանալու կապակցությամբ, դեռևս 2008թ-ի սեպտեմբերի 9-ից «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հայցվորը ձեռք է բերել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք։ 15.02.2010թ.-ին դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին, որպիսի արտոնյալ պայմաններով անցնի կենսաթոշակի։ Բացի այդ, քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 2010 թվականի օգոստոսի 02-ի վճռով որոշվել է դիմումը բավարարել։ Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Ֆ.Գ.-ն 1973-1997թ.թ. աշխատել է «Կրիստալ» գործարանում որպես առանց ռոբոտատեխնիկայի կիրառման ադամանդ նիստավորող։
«Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն` չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։

Նման պայմաններում դատարանը գտել է, որ հայցվորին պետք է վճարվեր նաև դիմելու պահին նախորդած և իրավահարաբերության պահին գործած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով սահմանված երեք տարվա ժամանակահատվածի շրջանակում պարփակվող ժամանակահատվածի համար արտոնյալ պայմաններով կենսաթոշակ` հաշված 2008 թվականի սեպտեմբերի 09-ից` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու տարիքը լրանալու պահից մինչև 2010 թվականի օգոստոսի 02-ն ընկած ժամանակահատվածը` փաստացի արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու պահը` հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 2010 թվականի օգոստոսի 02-ի վճիռը։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել և պարտավորեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը համապատասխան կարգով և չափերով Ֆ.Գ.-ին միանվագ վճարել արտոնյալ պայմաններով կենսաթոշակ 2008 թվականի սեպտեմբերի 09-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 02-ին ընկած ժամանակահատվածի համար։

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը որոշեց վերաքննիչ բողոքը մերժել և ՀՀ վարչական դատարանի վճիռը թողնել անփոփոխ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել