Ադրբեջանի ոսկու պաշարները 2019 թվականի ընթացքում չեն ավելացել, ավելին՝ 2017 թվականից ի վեր ոսկու պետական պաշարներ չունի․ Սուրեն Պարսյան

Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Միջազգային հեղինակավոր հետաքննող լրագրողները բազմիցս ապացույցներ են ներկայացրել ադրբեջանական իշխող կլանի թանկարժեք գնումների և բարեկեցիկ կյանքի մասին։ Պաշտոնական աղբյուրները ևս փաստում են, որ սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող այս երկրում շռայլության և ստվերային փողերը կուտակելու՝ լվանալու մեխանիզմներ են առկա։

Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականին Ադրբեջանը ներկրել է 13,6 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, որից 2,11 մլրդ ԱՄՆ դոլարը կամ 15,4 տոկոսը կազմում է ոսկու ձուլակտորները, որոնց քաշը հասնում է շուրջ 57 տոննա։ Ի դեպ, նույն պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանի ոսկու պաշարները 2019 թվականի ընթացքում չեն ավելացել. ավելին՝ 2017 թվականից ի վեր այս երկիրը ոսկու պետական պաշարներ չունի։ Անշուշտ, սոցալ-տնտեսական տեսանկյունից անտրամաբանական կլիներ 57 տոննա ոսկու ձուլակտորների գնումը վերագրել շարքային քաղաքացիներին, այն դեպքում, երբ 2019 թվականին Ադրբեջանում միջին ամսական աշխատավարձը եղել է մոտ 328 ԱՄՆ դոլար։

Հանրությանը հայտնի է, որ կոռուպցիոն սխեմաներում «սև» փողերի լվացման և արագ տեղափոխման լավագույն միջոցներից մեկը ոսկու ձուլակտորներն են։

Հիշեցնեմ նաև, որ 2011 թվականին արաբական գարնան հեղափոխությունների ժամանակ Թունիսից փախած նախագահը իր հետ 1,5 տոննա ոսկու ձուլակտորներ էր տարել։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված այս պատերազմը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ է թողնելու Ադրբեջանում, և անկախ նրանից, թե ով կլինի այդ պահին իշխանության՝ շարքային քաղաքացիներն են այս ամենի համար վճարելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել