«Միրոյան Տուֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության 19.04.2010 թվականի թիվ 1010080 ստուգման ակտի 9-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջով:
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ 19.04.2010 թվականի թիվ 1010080 ստուգման ակտի 9-րդ կետում, որը վերաբերվում է բնապահպանության վճարներին, տեսչությունը արձանագրել էր, որ իբր սխալ հաշվարկի հետևանքով ընկերությունը բնապահպանության գծով պարտք են մնացել 8868.1 հազար ՀՀ դրամ: Այդ գործով հարկային տեսչությունը հանդես է եկել հակընդդեմ հայցով՝ ակտի 9-րդ կետը անփոփոխ թողնելու` 8868.1 հազար դրամ ընկերությունից բռնագանձելու մասին: Քանի որ հաշվարկի օրինականությունը ստուգելու համար նեղ մասնագիտական հմտության անհրաժեշտություն կար, դատարանը նշանակել է դատահաշվապահական փորձաքննություն: 28.10.2010 թվականի թիվ 10-2745 փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ ընկերությունը ստուգվող ժամանակահատվածում բնապահպանության և բնօգտազործման գծով պարտք չունի, որ բյուջե վճարման ենթակա է եղել գումար՝ 1785.75 հազար ՀՀ դրամ, իսկ ընկերության հաշվետվություններով ցույց է տրված, որ բյուջե վճարվել է 6276.00 հազար ՀՀ դրամ: Այսինքն, ավել է վճարվել 4490.25 հազար ՀՀ դրամ և այդ չափով գերավճար ունի:
Հիմք ընդունելով նշված եզրակացությունը` դատարանը ընկերության հայցը բավարարել և անվավեր է ճանաչել ակտի 9-րդ կետը` որպես բնապահպանության գծով սխալ հաշվարկ:
20.02.2012 թվականի թիվ 05/212 գրությամբ պատասխանողը մերժել է ընկերության խնդրանքը` պատճառաբանությամբ, որ ՎԴ5/0498/05/10 վարչական գործով 28.10.2010 թվականի վճռի «Վճռեց» մասում վերահաշվարկ կատարելու և գերավճար ձևակերպելու պահանջ չի ներկայացրել, ուստի ընկերության խնդրանքը կատարելու իրավական հիմքեր չկան: Ելնելով վերը շարադրվածից` հայցվորը դատարանից խնդրել է պարտադրել ՀՀ ԿԱ ՊԵԿ Արթիկի տարածքային հարկային տեսչությանը «Միրոյան Տուֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բնապահպանության և բնօգտագործման գծով ավել վճարած 4493.2 հազար ՀՀ դրամ գումարը որպես գերավճար հաշվանցել ընկերության առկա ունեցած հարկային պարտավորությունների դիմաց:
Վերլուծելով գործում առկա գրավոր ապացույցները` դատարանը գտավ, որ հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման:
ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՀՀ ՊԵԿ-ի Արթիկի ՏՀՏ վերաքննիչ բողոքը մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net