ՀՀՇ-ն պարտքե՞ր ունի

Երևան համայնքը ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Հայոց համազգային շարժում» կուսակցության՝ հօգուտ Երևան համայնքի 634.071 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։

Պատասխանող «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, հանդիսանում է գույքահարկ վճարող, քանզի նրան պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված և գույքահարկով հարկվող օբյեկտ ճանաչված ք.Երևան, Սարյան 38 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինությունը։

Համաձայն պատասխանողի կողմից ներկայացված հաշվետվությունների` «Հայոց համազգային շարժում» կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Սարյան 38 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքի կադաստրային արժեքը մինչև 01.01.2008թ. կազմում էր 58.242.500 ՀՀ դրամ, այնուհետ՝ 55.849.000 ՀՀ դրամ, հետևաբար գույքահարկի եռամսյակի դրույքաչափը մինչև 01.01.2008թ. համապատասխանաբար կազմում էր 43.700 ՀՀ դրամ, այնուհետ՝ 41.900 ՀՀ դրամ։ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա եռամսյակը։

Պատասխանող «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը 01.01.2007թ. դրությամբ ունեցել է մնացորդ՝ 47.376 ՀՀ դրամ, որից 43.404 ՀՀ դրամը` ապառք և 3.972 ՀՀ դրամը` տույժ, իսկ այնուհետև կատարել է 495.000 ՀՀ դրամ գույքահարկի ապառքի վճարում։ Ներկայումս, 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականի փետրվարի 17-ը ընկած ժամանակահատվածի համար պատասխանողը Երևանի բյուջե պարտավոր է վճարել 634.071 ՀՀ դրամ, որից՝ 269.704 ՀՀ դրամ գույքահարկի ապառք։ Պատասխանողը Երևանի բյուջե պարտավոր է վճարել 296.877 ՀՀ դրամ ժամանակին չմուծված հարկի գումարի նկատմամբ հաշվարկված տույժ։

Նկատի ունենալով, որ պատասխանողի ներկայացուցիչը 269.704 դրամ ապառքի և 67.490 դրամ տուգանքի բռնագանձելու պահանջի մասով հայցն ընդունեց, դատարանն ապացուցված է համարեց հայցվորի ներկայացրած փաստերն այն մասին, որ գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող Սարյան 38 հասցեի շինության համար 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականի փետրվարի 17-ը ընկած ժամանակահատվածի համար պատասխանողը Երևանի բյուջե չի վճարել 269.704 դրամ գույքահարկի ապառքը, ինչպես նաև հաշվարկները օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու համար հաշվարկված 67.490 դրամ տուգանքը, որը ենթակա է բռնագանձման դատական կարգով։

Ուստի դատարանը վճռեց Երևան համայնքի հայցը բավարարել` «Հայոց համազգային շարժում» կուսակցությունից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 634.071 դրամ, այդ թվում ապառք` 269.704 դրամ, տույժ` 296.877 դրամ, տուգանք` 67.490 դրամ։

«Հայոց համազգային շարժում» կուսակցության կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի. մասնակի` 47 732 դրամ տույժի գումարի բռնագանձման մասով, բեկանել թիվ ՎԴ 1067/05/11 վարչական գործով 14.05.2012 կայացված վճիռը և այն փոփոխել` այդ մասով հայցը մերժել։ Մնացած մասով վերաքննիչ բողոքը մերժել և այդ մասով վճիռը թողնել անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել