«KARGIN OPTIKS» ցուցանա՞կ, թե գովազդ

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ «Լյումիեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սերգո Օհանովի` պատասխանողին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ Լեզվի պետական տեսչության լեզվական վերահսկողության բաժինը հաղորդում էր ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայում առկա` ցուցանակները և գովազդը ոչ հայերեն ձևավորելու վարչական իրավախախտումների փաստրի վերաբերյալ` կցելով իրավախախտման օբյեկտների լուսանկարները։

Վարչական իրավախախտման օբյեկտ են եղել.
1. «Լյումիեր» ՍՊԸ` Երևան, Կոմիտասի պողոտա 45 հասցեում գործող օպտիկայի սրահի մուտքի վերևում տեղադրված ոչ հայերեն` միայն օտարատառ ձևավորմամբ «ԿԱՐԳԻՆ ՕՊՏԻԿՍ» («KARGIN OPTIKS») ցուցանակը.
2. «Լյումիեր» ՍՊԸ` Երևան, Մոսկովյան 25-1 գործող օպտիկայի սրահի` մուտքի վերևում տեղադրված ոչ հայերեն` միայն օտարատառ ձևավորմամբ «ԿԱՐԳԻՆ ՕՊՏԻԿՍ» («KARGIN OPTIKS»), մուտքի աջ կողմի պատին տեղադրված հայերեն` հայերեն/օտարալեզու ոչ համարժեք տեղեկատվությամբ (1 միավոր` հայերեն, 13 միավոր` օտար լեզու) «ԿԱՐԳԻՆ ՕՊՏԻԿՍ, Չոպարդ, Էրմենջիլդո Զեյնա, ԱՅՎԵՅԸ, ՄՈՆՏ, ԲԼԱՆԿ, ռոբերտո կավալի, Ռեյ-Բան, ՅՈՆ, ՌԻՉՄՈՆԴ, Մերսեդես-Բենց, Ֆեռարի, դյունհիլ, ՖԵՌԵ» («ԿԱՐԳԻՆ ՕՊՏԻԿՍ, Chopard, Ermenegaldo Zegna, EYEWEAR, MONT, BLANC, roberto cavalla, Ray-Ban, JOHN, RICHMOND, Mercedes-Benz, Ferrari, dunhill, FERRE») ցուցանակները։

Նշված ցուցանակները 2011 թվականի դեկտեմբերի 8-ին լուսանկարվել են, ինչի վերարերյալ կազմվել է արձանագրություն։ Քանի որ հաստատվել են «Լյումիեր» ՍՊԸ` Երևան, Կոմիտասի պողոտա 45, Մոսկովյան 25-1 հասցեներում գործող «ԿԱՐԳԻՆ ՕՊՏԻԿՍ» օպտիկայի սրահների մուտքի վերևում տեղադրված ցուցանակների ոչ հայերեն ձևավորված լինելու իրավախախտման փաստերը, տեսչության աշխատակիցները 2011 թվականի դեկտեմբերի 8-ին կազմել են հմ. 071 արձանագրությունը։

Դատարանի գնահատմամբ ցուցանակը կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք է, որը տեղեկություն է պարունակում կազմակերպության անվանման, կազմակերպաիրավական ձևի, ապրանքային նշանի, աշխարհագրական կամ վարչական միավորի անվանման կամ այլնի մասին։ Սույն վեճի պարագայում դատարանը գտնում է, որ վերը նշված օբյեկտների նման բովանդակությամբ գրվածքները ցուցանակ չեն հանդիսանում, քանի որ դրանք տեղեկություն չեն պարունակում կազմակերպության անվանման, կազմակերպաիրավական ձևի, ապրանքանշանի կամ այլնի մասին։

Ավելին, դատաքննությամբ հաստատվել է, որ «KARGIN OPTICS» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում «Կարգին ֆիրմա» ՍՊ ընկերությունը, և որ նշված ապրանքային նշանը տեղադրված է եղել «Լյումիեր» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարգին օպտիկս» օպտիկայի սրահների մուտքի վերնամասում։

ՀՀ վարչական դատարանը հաստատված է համարել, որ նշված գրվածքները ոչ թե ցուցանակներ են, այլ գովազդ է։ Ավելին, դրանք օտար լեզվով գրանցված ապրանքային նշաններ են, որոնց վրա տարածվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերությամբ սահմանված բացառությունը։

Ուստի դատարանը վճռեց ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության հայցն ընդդեմ «Լյումիեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սերգո Օհանովի` պատասխանողին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության վերաքննիչ բողոքը մերժել` անփոփոխ թողնելով այդ վճիռը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել