Գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով:
Այս նորմից բխում է, որ նման անձի կնքած գործարքը համարվում է վավեր, քանի դեռ չի վիճարկվել դատական կարգով:
Հետագայում անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել նրա խնամակալի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքը կնքելու պահին քաղաքացին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք:
Եթե գործարքն անվավեր է ճանաչվել վերը սահմանված հիմքերով և կարգով, ապա համապատասխանաբար կիրառվում են հետևյալ կանոնները.
1.այդպիսի գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին բնեղենով վերադարձնել ամբողջ ստացածը, իսկ բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` դրամով հատուցել դրա արժեքը:
2.Գործունակ կողմը, բացի դրանից, պարտավոր է մյուս կողմին հատուցել նրա կրած իրական վնասը, եթե գիտեր կամ պետք է իմանար մյուս կողմի անգործունակության մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net