Եթե հայտնվել է դատական կարգով մահացած ճանաչված անձը

Ինչպես գիտենք, քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:

Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո:

Մահացած ճանաչված քաղաքացու մահվան օր է համարվում նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Քաղաքացուն, որն անհայտ կորել է մահվան վտանգ սպառնացող կամ այնպիսի հանգամանքներում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը հետևանք է որոշակի դժբախտ դեպքի, մահացած ճանաչելու դեպքում, դատարանը կարող է այդ քաղաքացու մահվան օր ճանաչել նրա ենթադրյալ մահվան օրը:

Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան մահացած ճանաչելու մասին վճիռը:

Անկախ իր հայտնվելու ժամանակից` քաղաքացին իրավունք ունի յուրաքանչյուր անձից հետ պահանջել պահպանված գույքը, որն անհատույց անցել էր այդ անձին` քաղաքացուն մահացած ճանաչելուց հետո, բացառությամբ դրամական միջոցների, ինչպես նաև ըստ ներկայացնողի արժեթղթերի, որոնք չեն կարող հետ պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից:

Մահացած ճանաչված քաղաքացու գույքը հատուցելի գործարքներով ձեռք բերած անձինք պարտավոր են նրան վերադարձնել այդ գույքը, եթե ապացուցվում է, որ գույքը ձեռք բերելիս նրանք գիտեին, որ մահացած ճանաչված քաղաքացին կենդանի է: Այդ գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցվում է դրա արժեքը:

Եթե մահացած ճանաչված քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին և իրացվել է սույն հոդվածով նախատեսված պայմանների պահպանմամբ, ապա քաղաքացուն մահացած ճանաչելու մասին վճիռը վերացվելուց հետո նրան է վերադարձվում գույքի իրացումից ստացված գումարը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել