Կարելի՞ է հրաժարվել ժառանգությունից

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` նաև այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը: Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից: Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:

«Ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել: Դա նշանակում է, որ եթե ժառանգն արդեն հրաժարվել է ժառանգությունն ընդունելուց, ապա նա այլևս չի կարող վերացնել իր հրաժարականը կամ hետ վերցնել այն»- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

Ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով կամ ժառանգության մի մասից հրաժարվել չի թույլատրվում: Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և´ ըստ կտակի, և´ ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով:

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից` անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց :

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել