Պետք չէ մոռանալ, որ ճանապարհային երթևեկության կանոնները ոչ միայն վարորդների համար են, այլ նաև ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների, և նրանց կողմից այդ կանոնները խախտելու համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ:
Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելն առաջացնում են տուգանքի նշանակում` 3 000 ՀՀ դրամի չափով:
Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը, ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5 000 ՀՀ դրամի չափով:
Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը առաջացնում են տուգանքի նշանակում` 5 000 ՀՀ դրամի չափով:
Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը ևս առաջացնում է տուգանքի նշանակում 5 000 ՀՀ դրամի չափով:
Վերը նշված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն՝ ենթակա են տուգանքի 10 000 ՀՀ դրամի չափով:
Առավել խիստ պատժելի է ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը, որն էլ առաջացնում է տուգանքի նշանակում`20 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net