Տաքսիում ուղևորի մոռացած զարդերը վարորդը որոշել էր օգտագործել անձնական կարիքների համար

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հրապարակել է Հրաչյա Ալեքսանյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը:

Դատաքնությամբ պարզվել է, որ 2012 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, գործով տուժող Արշակ Մ.-ն իր եղբոր` Ա. Գրիգորյանի հետ, դուրս են եկել տանից «Զվարթնոց» օդանավակայան ուղևորվելու նպատակով, որտեղից Արշակ Մ.-ը պետք է մեկներ Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաք: Երևան քաղաքի Խանջյան փողոցում Արշակ Մ.-ը կանգնեցրել է պատահական տաքսի ավտոմեքենա, որի վարորդին, գործով ամբաստանյալ Հրաչյա Ալեքսանյանին, խնդրել է իրեն տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան: Ա. Գրիգորյանին հրաժեշտ տալուց հետո, Արշակ Մ.-ն իր ուղեբեռը տեղադրել է այդ տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, իսկ ինքը նստել է վարորդի կողքի նստատեղին: Դեպի օդանավակայան ուղևորվելու ժամանակ Արշակ Մ.-ն իր ձեռքի տոպրակը, որի մեջ եղել են նրան պատկանող մեկ հատ ոսկյա մատանին` իր տուփով, մեկ հատ ոսկյա վզնոցը և մեկ հատ ոսկյա շղթան` իր երկու կաղազարդերով, դրել է ավտոմեքենայի սրահում՝ փոխանցման տուփի կողքին:

Հասնելով օդանավակայան Արշակ Մովսիսյանը ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է իր ուղեբեռը, ապա վճարելով ուղեվարձը առաջացել է դեպի մեկնման սրահ, իսկ ոսկյա զարդերով տոպրակը մոռացել է ավտոմեքենայում: Դրանից հետո Հրաչյա Ալեքսանյանը տաքսի ավտոմեքենայով դուրս է եկել օդանավակայանի տարածքից և շարունակել է իր աշխատանքը, որի ընթացքում սպասարկել է ևս մեկ ուղևորի և ժամը 04:00-ի սահմաններում վերադարձել է տուն: 2012 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հրաչյա Ալեքսանյանը դուրս է եկել տանից` աշխատանքի գնալու նպատակով, նստել է ավտոմեքենան ու այդ ժամանակ ավտոմեքենայի փոխանցման տուփի կողքին նկատել է տոպրակ ու բացելով այն, նկատել է դրա մեջ առկա ոսկյա զարդերը, որից հետո որոշել է դրանք գրավադրել և ստացված գումարով հոգալ իր ամանօրյա կարիքները: Նույն օրը՝ երեկոյան, Հրաչյա Ալեքսանյանը նշված ոսկյա զարդերը, բացառությամբ մատանու, գրավադրել է Երևան քաղաքի գրավատներից մեկում և ստացված գումարով` 160000 ՀՀ դրամով հոգացել է իր անձնական կարիքները:

Որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնել այն, որ ամբաստանյալն անկեղծորեն զղջում է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատապարտված չի եղել, տուժողին պատճառված վնասը վերականգվել է, ըստ բնակության վայրի բնութագրվում է դրական, նրա խնամքին է գտնվում մեկ անձ:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ Հրաչյա Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել տուգանքի` 550000 ՀՀ դրամի չափով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել