Թիվ 5 երթուղային տաքսու նախկին վարորդ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ Վ. Պողոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ դեպքը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 6-ին՝ առավոտյան: Նա երթուղում սահմանված կարգով երթևեկելու հետ կապված հարաբերությունների շուրջ վիճաբանել է նույն երթուղու վարորդներ` Ա. Սաղաթելյանի և Վ. Պողոսյանի հետ, որոնց կողմից ծեծի է ենթարկվել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող, նախկին ՀՀ ՊՆ շենքին հարակից տարածքում: Ա. Հակոբյանը ժամադրել է նրանց՝ նախապես հանդիպման մասին տեղյակ պահելով իր ընկերներ Ալեքսանյանին, Բաղիրյանին, Վերդյանին, Հակոբյանին:
Պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, վերջիններիս հետ Ավանում գործող «Սթար» սուպերմարկետի մոտ հանդիպել է Ա. Սաղաթելյանին և Վ. Պողոսյանին, որտեղ Վ.Պողոսյանը շարունակել է արտահայտել խոսքեր` փորձելով հաստատել իրենց դիրքը երթուղում, ինչը չի ընդունվել Ա.Հակոբյանի կողմից: Նույն պահին, օգտվելով հարմար առիթից, շրջանցել է Վ. Պողոսյանին, թիկունքին աջ կողմից բռունցքով մեկ անգամ հարվածել վերջիներիս դեմքի աջ այտային շրջանին, դիտավորությամբ պատճառել գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնաս, որոնք հանգեցնելով գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման`անզգուշությամբ առաջացրել են Վ. Պողոսյանի մահը:
Ա. Հակոբյանը կալանավորված է: Դատաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net