Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ։
«Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։
Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»։