Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո այսօր Երևանում բացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»:
Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:
Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Սարգսյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր կոնֆերանսին հանդես են գալու որպես բանախոսներ, նրանց, ովքեր միայն մասնակցելու են ու նրանց, ովքեր հետևելու են կոնֆերանսի ընթացքին: «Չնայած ողջ աշխարհում, ինչպես նաև Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, մենք որոշեցինք կազմակերպել կոնֆերանսը, -ասել է նախագահը: -Սա չի լինի ավանդական եռօրյա միջոցառում, որի ընթացքում հնարավոր կլիներ նաև հիանալ Դիլիջանի և Հայաստանի Հանրապետության մյուս վայրերի գեղեցիկ պատկերներով: Սակայն հուսով եմ, որ մյուս տարի մենք կրկին կհավաքվենք»:
Հանրապետության նախագահի խոսքով, դժվար է լինելու մեկ օրում քննարկումներ ունենալ և պատասխանել բոլոր հարցերին, սակայն մի բան հստակ է. «Մենք պետք է անդրադառնանք հիմնական հարցին՝ աշխարհն իսկապես փոխվել է: Սա նոր աշխարհ է և մեր համաժողովն էլ հենց այս խորագիրն ունի:
Կորոնավիրուսը՝ Covid-19-ը, ազդել է ոչ միայն մարդկանց, այլև երկրների տնտեսությունների, երկրների հարաբերությունների վրա: Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն մենք պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախի Հանրապետության և, Թուրքիայի ներգրավվածությամբ, Ադրբեջանի միջև, խնդրին առնչվում է նաև Հայաստանը»:
Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին, նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար: «Այս գործողություններն շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում, որտեղ հարվածներ են հասցվել գյուղերի և քաղաքների,-նշել է նախագահը: -Մենք չենք կարող խուսափել C-19-ը քննարկելուց, և, միևնույն ժամանակ, չենք կարող չքննարկել C-20-ը»:
Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին: «Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»,– ասել նախագահ Սարգսյանը: