Տավուշի ՇՊԱԸ է դիմել քաղաքացի Անահիտ Բեկնազարյանը և հայտնել, որ իր եղբայրը իրեն հայրական տան սեփականությունից զրկելու նպատակով դիմել է N առողջապահական ընկերության հոգեբույժին և խնդրել իր քրոջ` Ա. Բեկնազարյանի անվամբ տալ ուղեգիր Երևանի Նորք հոգեբուժական կլինիկայում հետազոտվելու և բուժում ստանալու նպատակով: N առողջապահական ընկերության հոգեբույժ` Հ. Հ.-ն Հ. Բ.-ի հայտնած կեղծ տեղեկությունների հիման վրա, առանց Ա. Բեկնազարյանին տեսնելու և հետազոտելու, առանց որևէ հիմքի կեղծ ձևով լրացրել է ուղեգիրը` «ցնորազառանցական խանգարո՞ւմ» նախնական ախտորոշմամբ, որով էլ քաղաքացուն ուղեգրել է Երևանի հոգեբուժական կլինիկա ախտորոշման ճշգրտման և բուժման նպատակով: Ուղեգիրը կնքվել և ստորագրվել է նույն ընկերության տնօրենի կողմից: Հոգեբույժի կողմից համապատասխան դեղատոմսով դուրս է գրվել “ամինազին” տեսակի դեղամիջոց, որը Հ. Բ.-ն գնել է դեղատնից, և որի ազդեցության ներքո Ա. Բեկնազարյանը պետք է տեղափոխվեր Երևանի Նորք հոգեբուժական կլինիկա:
28.12.2010թ. Ա. Բեկնազարյանը դիմել է ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզի վարչություն` վերոհիշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: ՀՀ ՈՏ մարզի վարչության ավագ քննիչի որոշմամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերոհիշյալ անձանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, սակայն այն թողնվել է անփոփոխ:
Այսինքն քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կողմից ոչ օբյեկտիվ ու ոչ լրիվ քննության պատճառով հանցագործության վերաբերյալ հայտարարությունները պատշաճ քննության չեն առնվել և օրենքով սահմանված կարգով քրեական գործ չի հարուցվել:
Տավուշի ՇՊԱԸ-ի փաստաբան Ա. Եղիկյանը քաղաքացու անունից կազմել է բողոք ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին` ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի ավագ քննիչի 30.03.2011թ.` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ: ՀՀ դատախազության Տավուշի մարզի դատախազության 19.05.2011թ. №67/38դ-01-11 գրությամբ Ա. Բեկնազարյանի նախկին դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվել է, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-134 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, և ուղարկվել է Տավուշի մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:
/Նախաքննության գաղտնիություն սկզբունքը չխախտելու նպատակով չեն ներկայացվում առողջապահական ընկերության անվանումն ու հոգեբույժի անունը/:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: