Զերծ մնացեք և մի օգտագործեք անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք․ ԱՆ զգուշացում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։

Հիշեցում. էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա:

Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում։

Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։

  • Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին նախ հայտարարեց, որ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»: Ավելի ուշ ԱՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մահվան դեպքերից մեկը գրանցվել է այլ պատճառով։
  • Քննչական կոմիտեն հորդորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն։
  • Սեպտեմբերի 2-ին հայտարարվեց մահվան 14 դեպքի մասին։
  • Սեպտեմբերի 5-ի դրությամբ մահերի թիվը 17-ն է։ 3 անձի մոտ ի հայտ է եկել կուրություն, 12-ը ծանր, ծայրահեղ ծանր վիճակում են։
  • Սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով 3 անձ է ձերբակալվել։
  • Սեպտեմբերի 9-ին ԱՆ-ն հայտնեց, որ թունավորման 46 դեպք է գրանցվել, 18-ը մահացել են, 6-ը՝ կուրացել։
  • Սեպտեմբերի 9-ին ՔԿ-ն հայտնեց, որ մեղադրվող 3 անձիք կալանավորված են։
  • Սեպտեմբերի 10-ին առողջապահության նախարարությունը հայտնեց մահվան 19-րդ դեպքի մասին։
  • Սեպտեմբերի 11-ին ԱՆ-ն հայտարարություն տարածեց մահվան 20-րդ դեպքի մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել