Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել, 14 անձ մահացել է․ առողջապահության նախարարություն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:
27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին նախ հայտարարեց, որ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»: Ավելի ուշ ԱՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մահվան դեպքերից մեկը գրանցվել է այլ պատճառով։

Քննչական կոմիտեն հորդորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարցուցվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել