Ալկոհոլից թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի ((կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին նախ հայտարարեց, որ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»: Ավելի ուշ ԱՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մահվան դեպքերից մեկը գրանցվել է այլ պատճառով։
  • Քննչական կոմիտեն հորդորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն։
  • Սեպտեմբերի 2-ին հայտարարվեց մահվան 14 դեպքի մասին։
  • Սեպտեմբերի 5-ի դրությամբ մահերի թիվը 17-ն է։ 3 անձի մոտ ի հայտ է եկել կուրություն, 12-ը ծանր, ծայրահեղ ծանր վիճակում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել