Ալկոհոլային թունավորման գործով ևս 2 անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է  Արմավիր քաղաքի մի շարք բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Զանգվածային թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել է 27 անձ, որոնցից 10-ը մահացել է: Քրեական գործով նշված 27 անձինք ճանաչվել են տուժող:

Հիշեցնենք, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Եվս երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 

  • Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին նախ հայտարարեց, որ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»: Ավելի ուշ ԱՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մահվան դեպքերից մեկը գրանցվել է այլ պատճառով։
  • Քննչական կոմիտեն հորդորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն։
  • Սեպտեմբերի 2-ին հայտարարվեց մահվան 14 դեպքի մասին։
  • Սեպտեմբերի 5-ի դրությամբ մահերի թիվը 17-ն է։ 3 անձի մոտ ի հայտ է եկել կուրություն, 12-ը ծանր, ծայրահեղ ծանր վիճակում են։
  • Սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով 3 անձ է ձերբակալվել։
  • Սեպտեմբերի 9-ին ԱՆ-ն հայտնեց, որ թունավորման 46 դեպք է գրանցվել, 18-ը մահացել են, 6-ը՝ կուրացել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել