ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երեք վարչական շրջաններում քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է 5 քրեական գործ՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 5 անձի մահվան դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և մեկ քրեական գործ՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննվում է 4 քրեական գործ՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 4 անձի մահվան դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 1 անձի մահվան դեպքի առթիվ քննվում է մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նշված վարչական շրջաններում քննվող քրեական գործերով կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի 10 բնակչի մահվան և 2 բնակչի կուրանալու դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքի ծագման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
—
- Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին նախ հայտարարեց, որ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»: Ավելի ուշ ԱՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մահվան դեպքերից մեկը գրանցվել է այլ պատճառով։
- Քննչական կոմիտեն հորդորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն։
- Սեպտեմբերի 2-ին հայտարարվեց մահվան 14 դեպքի մասին։
- Սեպտեմբերի 5-ի դրությամբ մահերի թիվը 17-ն է։ 3 անձի մոտ ի հայտ է եկել կուրություն, 12-ը ծանր, ծայրահեղ ծանր վիճակում են։
- Սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով 3 անձ է ձերբակալվել։
- Սեպտեմբերի 9-ին ԱՆ-ն հայտնեց, որ թունավորման 46 դեպք է գրանցվել, 18-ը մահացել են, 6-ը՝ կուրացել։
- Սեպտեմբերի 9-ին ՔԿ-ն հայտնեց, որ մեղադրվող 3 անձիք կալանավորված են։
- Սեպտեմբերի 10-ին առողջապահության նախարարությունը հայտնեց մահվան 19-րդ դեպքի մասին։
- Սեպտեմբերի 11-ին ԱՆ-ն հայտարարություն տարածեց մահվան 20-րդ դեպքի մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: