«Սևանի» ԲԿ-ում 28-ամյա կին է մահացել․ ըստ տեղեկությունների` նա Խաշթառակում բռնության ենթարկված երեխաների մայրն է

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, «Սևանի» բժշկական կենտրոնում 28-ամյա կնոջ մահ է գրանցվել։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց «Սևանի» բժշկական կենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մահացած կինը Խաշթառակ գյուղում բռնության ենթարկված երեխաների մայրն է։ Այս մասին Գայանե Էլիզբարյանը նշեց․ «Ասում են, որ՝ այո, նա այդ երեխաների մայրն է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանե Էլիզբարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: «Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք»,-նշում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կետրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն: Որոշում է կայացվել բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում:

Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի և նրա դստեր կողմից անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ նրանցից մեկին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները: 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)  2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել