Կասեցումներ՝ Սևանի հյուրանոցներում, ուժեղացված ստուգայցեր՝ մարզերում և Երևանում

Սևանա լճի ափամերձ հատվածում գործող 8 հյուրանոցի և հանգստյան տան գործունեությունն այսօր ժամանակավոր կասեցվել է․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ Սևանի գրողների միության հանգստյան տուն, «Մալիբու», «Նիրվանա» հանգստյան գոտի, «Գագարի մոտ» հյուրանոց, «Գրիգ Տուր», «Ոսկե ափ», «Գոհար Միքայելյան», «Մեր Սիր»։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը նախորդ օրերին այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ, որոնց հիմքով և պարետին ուղարկվել էր կասեցման միջնորդություն։

Սևանի ափամերձ հատվածներում գործող մի շարք հյուրանոցներում այսօր ևս խախտումներ են գրանցվել․ դրանց հիմքով կասեցման միջնորդություն կներկայացվի։

Կասեցման աշխատանքները զուգորդվել են մշտադիտարկման աշխատանքներով մարզերում և մայրաքաղաքում: ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական և բժշկական կազմակերպությունները, ատամնաբուժական կաբինետները, դեղատները, բանկերը, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները և ոչ միայն:

Թեև նախորդ ամիսների համեմատ զգալիորեն պակաս, սակայն շարունակում են արձանագրվել որոշ խախտումներ։ Այդպիսիք այսօր Երևանում դիտարկվել են կապի օպերատորներից մեկի սպասարկման գրասենյակներում։ Կապի երկու այլ խոշոր օպերատորի մոտ էլ ստուգայցերը թերացումներ չեն գրանցել։

Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

Առհասարակ, տնտեսավարողների մոտ նկատվող խախտումների բնույթը նույնն է՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների ոչ լիարժեք վարման հետ, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, հանդերձապահարաններ, բացակայել են իրազեկման պաստառները, եղել է սոցիալական հեռավորության և դիմակներ չկրելու խնդիր։

Կոպիտ և համակցված խախտումների դեպքում կազմվում են արձանագրություններ և ուղարկվում
պարետատուն:

Տեսչական մարմնի մասնագետները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում
հանգամանալից ներկայացնում են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոններն ու նորմերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել