Սոֆյա Հովսեփյանը ներկայացրել էր դիմում՝ հայտարարագրում առկա անհամապատասխանելիությունը վերացնելու խնդրանքով․ ԿԿՀ-ի հայտարարությունը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերահաստատում է նախկինում իր կողմից հրապարակված տեղեկությունը, որ ստացել և շարունակում է լրատվամիջոցների կողմից ստանալ բազմաթիվ դիմումներ, հեռախոսազանգեր հայտարարագրերում առկա այս կամ այն տվյալի վերաբերյալ, նշված է հանձնաժողովի հայտարարության մեջ։

«Սխալ տվյալների ուղղման համար Հանձնաժողովի կողմից կիրառվում է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը, այն է՝ հայտարարատու պաշտոնատար անձը հայտարարագրում իր հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ավելի վաղ Հանձնաժողովը տարածել էր հայտարարություն՝ հայտարարագրում փոփոխություններ կատարելու կարգի վերաբերյալ http://cpcarmenia.am/hy/news/item/2020/08/04/55226697/։

Տվյալների անճշտությունների համար Հանձնաժողովն իրականացնում է տվյալի իսկության ստուգում՝ տեղեկություններ հավաքագրելով պետական կառավարման մյուս մարմիններից։ Նման դեպքերը և դրանց վերաբերյալ հարցումները դուրս են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի և մասնավորապես՝ տեղեկություններ տրամադրելու համար սահմանված հինգօրյա ժամկետի կարգավորումների շրջանակներից։

Հանձնաժողովն ակնակլում է, որ իր կողմից լրատվամիջոցներին տրամադրված տեղեկությունները կօգտագործվեն օբյեկտիվորեն, առանց վերապահումների և ամբողջական կերպով։

Այս տեսանկյունից, Հանձնաժողովը հարկ է համարում անդրադառնալ 2020 թվականի օգոստոսի 5-ին https://data.hetq.am/hy/articles կայքում «Բազմաբնակարան շենքը 19 ԱՄՆ դոլար արժե, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ծանրաբեռնված է» վերնագրով հոդվածին և դրան հաջորդող հոդվածներին։

Լրագրողի կողմից Հանձնաժողովի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո 2020 թվականի հուլիսի 23-ին ներկայացվել է դիմում, որին գրավոր Հանձնաժողովը պատասխանել է 2020 թվականի հուլիսի 29-ին։ Պատասխանի մեջ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ Սոֆյա Հովսեփյանը հայտարարագիրը ներկայացրել է 2020 թվականի մայիսի 31-ին։ Հայտարարագիրն ուշ հրապարակելու վերաբերյալ ոչ հեռախոսազրույցի, ոչ գրավոր հարցման մեջ լրագրողի կողմից որևէ հարցադրում չի եղել։

Հարցման մեջ նշված մյուս հայտարարտուների մասով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Այս մասին լրագրողն իր հրապարակման մեջ չի նշել։

Ինչ վերաբերում է այդ հրապարակմանը հաջորդող երկու այլ հրապարակումներին ՝ «ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի պարզաբանումը» (https://data.hetq.am/hy/articles/115), ապա Հանձնաժողովը տեղեկացնում է։

Պատգամավորի օգնականը չի կարող պատգամավորի փոխարեն հանդես գալ և հեռախոսազանգի միջոցով այս կամ այն տվյալի ուղղում պահանջել։ Ուստի այս առնչությամբ Հանձնաժողովը դիմում է հայտարարատու բոլոր պաշտոնատար անձանց՝ հորդորելով առավել զգուշություն դրսևորել իրենց պարտավորությունների և լիազորությունների իրականացման գործում, մասնավորապես՝ օրենքով սահմանված հայտարարագրերի և դրանց հետ կապված բոլոր տեսակի հարաբերություններում հանդես գալ և դիմել Հանձնաժողովին անձամբ ։

Ինչ վերաբերում է Սոֆյա Հովսեփյանի հայտարարագրի ուշ հրապարակմանը, ապա Հանձնաժողովը հայտնում է, որ հայտարարագիրը ներկայացնելուց հետո Սոֆյա Հովսեփյանը ներկայացրել է դիմում՝ հայտարարագրում առկա անհամապատասխանելիությունը վերացնելու խնդրանքով։ Հայտարարգիրը հրապարակումից հանվել է, դիմումին տրվել է ընթացք, կատարվել է ստուգում՝ պարզելու, որ տվյալը այլ կերպ հայտնաբերված չէ, ուղարկվել են հարցումներ ճշտելու, որ տվյալը որպես ապացույց չի օգտագործվում որևէ քրեական գործի շրջանակներում։ Այնուհետև ստացված պատասխանները համադրելու արդյունքում այն հրապարակվել է՝ ավելի ուշ, քան ներկայացվել էր։

Հանձնաժողովը վերստին հաստատում է իր պատրաստակամությունը և համագործակցության հրավերը բոլոր լրատվամիջոցների հետ՝ ակնկալելով, որ հանրային լայն հետաքրքրությունն ունեցող տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները գործում են տեղեկության «ճշմարտությանը և հիմնավորվածության պարզած լինելու» պահանջով և առաջնորդվում են տեղեկությունները «հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացնելու» պայմանով։

Ի հավելումն, Հանձնաժողովն իրազելում է, որ օրենսդրական փոփոխությունների հիման վրա 2020 թվականին մշակված հայտարարագրերի նոր ձևանմուշի միջոցով հավաքվող տեղեկությունների ծավալը մեծացել է։ Ավելացել են նաև հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը, մասնավորապես՝ հայեցողական համարվող մի շարք պաշտոններ, այդ թվում դատավորի օգնականները, պատգամավորի օգնականները, ինչպես նաև բոլոր համայնքի ղեկավարները, նրանց տեղակալները դարձել են հայտարարատու։ Սակայն, հայտարարագրերի էլեկտրոնային գործող համակարգը չունի ընդլյանված տեղեկությունների ծավալը և հայտարարտուների այս թիվը սպասարկելու կարողություն։ Էլեկտրոնային համակարգը թեև հնարավորություն է տալիս հայտարարագրի ձևանմուշին համապատասխան տեղեկություններ ներմուծել, սակայն այդ տվյալները ստուգելու, հնարավոր բացթողումներն ավտոմատացված կերպով արձանագրելու, որակական և քանակական ավտոմատացված հաշվետվություններ մշակելու հնարավորությունները բացակայում են։ Յուրաքանչյուր տվյալի և դրա հավանական սխալի բացահայտման համար հիմնական աշխատանքներն իրականացվում են ձեռքով, ինչի հետևանքով սահմանափակ ժամկետներում մեծ ծավալով տվյալների մշակումը դառնում է անհնար։

Նման օբյեկտիվ նախադրյալով պայմանավորված և խիստ կարևորելով լրատվամիջոցների գործունեությունը պետական պաշտոնատար անձանց արդյունավետ հաշվետվողականության ապահովման գործում՝ Հանձնաժողովն ավելի վաղ հրապարակային հաղորդագրությամբ դիմել էր բոլոր լրատվամիջոցներին՝ խնդրելով տվյալի օգտագործումից առաջ հնարավորության դեպքում տվյալի արժանահավատության և իսկության վերաբերյալ հնարավոր հարցերն ուղղել Հանձնաժողովին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել