Զինծառայողի վերջին խնդրանք էր՝ «Վահե մի կրակիր, մի կրակիր», որին ի պատասխան՝ «Գնա մեռի»

Վահե Դերձյանը, ծառայելով թիվ X զորամասում որպես ավագ հրաձիգ, կոչումով շարքային, 2011թ. հուլիսի 08-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվելով թիվ X մարտական դիրքում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, դիրքում քնելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Աբրահամյանի հետ և բռնություն գործադրելով հարվածել է նրան:

Այնուհետև, զորամասի հրամանատարի հրամանով 2011թ. հուլիսի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում նշանակված լինելով մարտական հերթապահության թիվ X մարտական դիրքում, 2011թ. հուլիսի 26-ին ժամը 01:40-ի սահմաններում դիրքի ճաշարանում հերթափոխից ուշանալու համար կրկին անգամ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, հայհոյանքներ է տվել Ալիկ Աբրահամյանի հասցեին, բռնություն գործադրել և հարվածներ հասցրել նրան, որից վրդովվելով վերջինս դուրս է եկել ճաշարանից անհայտ ուղղությամբ: Մոտ 10 րոպե անց` ժամը 01:50-ի սահմաններում, գտնվելով դիրքի գետնատնակի հարթակին, դիմացի հողաթմբի հետևում նկատելով մարդկային ուրվապատկեր` լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, բարձրացել է հողաթմբի վրա, ձեռքի լապտերով լուսավորել հողաթմբի հետևի տարածքը և ակնհայտ տեսնելով Ալիկ Աբրահամյանին, մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և անմիջապես լսվել է Ա. Աբրահամյանի ձայնը. «Վահե մի կրակի, ես եմ»: Տեղում գտնվող դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Էդգար Արտավազդի Գուլանյանը նույնպես զգուշացրել է նրան ասելով, «Վահե մի կրակիր, մի կրակիր»: Չնայած դրան` Վ. Դերձյանը ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, լկտի հայհոյանքներ տալով Ալիկ Աբրահամյանի հասցեին և ասելով «Գնա մեռի», շուրջ 2 մետր հեռավորությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել և տեղում սպանել նրան:

Բացի այդ, 2011թ. հուլիսի 24-ին, ժամը 01:00-ի սահմաններում` Վ. Դերձյանը զինվորական գետնատնակում հանգստացող զինվորների վրա ջուր շփելու անթույլատրելիության վերաբերյալ դիրքի ավագ, իր նկատմամբ պետ հանդիսացող կրտսեր սերժանտ Էդգար Գուլանյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել և ծեծի ենթարկել նրան, այսինքն` նա ապօրինաբար Ա. Աբրահամյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետևանքներ, խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել է իր նկատմամբ պետ հանդիսացող Է.Գուլանյանին:

Սույն գործով, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գորիսի նստավայրում, դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, կայացրել է դատավճիռ, որով վճռել է Վահե Վալերիի Դերձյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով, 359-րդ հոդվածի 1-ին մասով, 358-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ:
Չհամաձայնվելով կայացված դատական ակտի և նշանակված պատժի հետ, Վահե Դերձյանը Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել և փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վահե Վալերիի Դերձյանի (ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով , 359 հոդ. 3-րդ մասով , 359 հոդ. 1-ին մասով , 358 հոդ. 1-ին մասով, ՀՀ քր.օր. 66 հոդ. կարգով վերջնական պատիժ – ազատազրկում 17 տարի ժամկետով) վերաբերյալ 02.10.2012թ.-ի դատավճիռը` ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով և 359 հոդ. 3-րդ մասով: Վ.Դերձյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` նրա արարքում հանցակազմ չլինելու պատճառով: Հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները Վահե Դերձյանի նկատմամբ ՀՀ քր.օր. 359 հոդ. 1-ին մասով և 358 հոդ. 1-ին մասով նշանակել սանկցիայով նախատեսված մեղմ պատիժ:

2013 թվականի մարտի 11-ին, ՀՀ վերքաննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ս. Համբարձումյանի և դատավորներ Ա. Պետրոսյանի և Մ. Պետրոսյանի, որոշեց՝ Պաշտպան Ա. Ավագիմյանի վերաքննիչ բողոքը մերժել, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. հոկտեմբերի 02-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Վահե Վալերիի Դերձյանի՝ թողնել օրինական ուժի մեջ: Սույն որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում` ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել