Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանն ազատվել է
«Հաղթանակ։ Դատարանն ազատ արձակեց Դավիթ Մովսիսյանին»․- այս մասին նշել է փաստաբան Գոր Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանն անցնում էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով։
Քննչական կոմիտեի տվյալների համաձայն, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դ.Մովսիսյանը, Խ.Գասպարյանը, Ս.Ավետիսյանը:
Նախաքննության ընթացքում, շարքայիններ Դ. Մովսիսյանին, Խ.Գասպարյանին և Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կրտսեր սերժանտ Ս.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: