Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քիչ առաջ խոսեցի ՀՀ Պաշտպանության բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Խաչատուրովի հետ, որի, ինչպես նաեւ մեր զինվորների ջանքերով երեկվանից հետ են մղվում ադրբեջանական սադրիչ գործողությունները ու հայկական դիրքի հրետակոծումը:
Գեներալը նշեց, որ չնայած պահպանվող սահմանային լարվածությանը, մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:
Սիրելիներս, շնորհակալություն հայտնենք նաև սահմանամերձ Մովսես գյուղի հոգևոր հովիվ տեր Աբելին, ով գիշերվանից պարբերաբար տեղեկություն էր տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ, կատարելով այն ինստիտուտների ֆունկցիան, ովքեր վստահաբար կիրակնօրյա խումարի մեջ էին ու դժվար պատկերացնեին, թե ինչ է զգում զինվորի ծնողը, երբ չգիտի ինչ է կատարվում իր որդու հետ։
Մի բան էլ, սիրելի հայրենակիցներ, քանի որ մեր քաջարի ԱԱԾ-ն արտաքին ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է ներքին թշնամիների ու սատանաների տքնաջան փնտրտուքով, զբաղված է մեր անձնական օգտահաշիվներն ու հեռախոսային խոսակցությունները քրքրելով, տեղեկացնեմ, որ երեկվանից ադրբեջանցիները կոտրել են հայկական մի շարք պրոֆիլներ և դրանով սահմանային այս էսկալացիայի հետ կապված սադրիչ և խուճապ առաջացնող ապատեղեկատվություններ են տարածում:
Այդ տեղեկությունները սուտ են և պետք չէ դրանց որևէ կերպ արձագանքել:
Ուժ և կորով մեր զինվորներին ու սպաներին եւ համբերություն զինվորների ծնողներին»: