Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ բարեկամներ, խնդրում ենք խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։
Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։
Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։
Փառք ու պատիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ»։
Հիշեցնեք, ադրբեջանցի զինծառայողներն այսօր՝ հուլիսի 12-ին, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։