Թվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը. նախագահը անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպմանը նշել է, որ Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը միայն թղթի վրա իրավական ձևակերպումներ չեն, և շատ կարևոր է հաջորդ քայլը՝ դրանց կիրառումը: «Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Սահմանադրությունը զարգացնելու ճանապարհներից մեկը հետևյալն է. մենք՝ որպես հանրություն պետք է հավատանք և ապրենք այդ մշակույթով»,-ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ ինքն օրենքի սահմանադրականությանը դիտարկում է նաև դրա կիրառության տեսանկյունից: «Եթե իմ ստորագրմանն է գալիս օրենք, որը որևէ սահմանադրական խնդիր չունի, ո՞րն է իմ ընտրությունը,-ասել է նա, միաժամանակ նշելով, որ կան դեպքեր, երբ օրենքը սահմանադրականության հետ կապված որևէ խնդիր չունի, սակայն ժամանակավրեպ է:

Որպես օրինակ՝ նա անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին: «Հարկային օրենքները շատ զգայուն են, և ցանկացած հարկային օրենք պետք է բազմակողմանի քննարկվի, վերլուծվի,- անդրադառնալով օրենսդրության մեջ կատարված՝ գույքահարկին վերաբերող փոփոխություններին՝ ասել է Հանրապետության նախագահը: -Գույքահարկը կապված է մնացած հարկերի հետ: Այն, որ պետությունը պետք է մտածի և զարգացնի մեր հարկային օրենսդրությունը, որևէ կասկած չկա, մարդիկ, ովքեր ավելի մեծ հարստություն ունեն, պետք է ավելի շատ հարկ վճարեն»: Բոլոր պետություններում հարկերը բարձրացվում կամ իջեցվում են: Սակայն, նախագահի խոսքով, օրենքներն ունեն նաև սոցիալական, հոգեբանական ազդեցություն: «Գույքահարկին վերաբերող օրենքը խոսում է նաև շատ այլ խնդիրների մասին,-ասել է նախագահը: -Օրինակ՝ եթե Երևանի կենտրոնում ապրող դոցենտն իր բնակարանը ժառանգություն է ստացել իր հայտնի ակադեմիկոս պապիկից, ապա այս պարագայում ի՞նչ պետք է անի՝ վաճառի՞ բնակարանը և տեղափոխվի քաղաքի ավելի հեռավոր մասեր: Հնարավոր է՝ նա վաճառի իր բնակարանն ու լքի Հայաստանը՝ իր հետ տանելով ակադեմիկոսի արխիվն ու պատմությունը և, ընդհանրապես, Երևան քաղաքի և մեր ժողովրդի պատմության մի կտորը:

Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը: Շատ զգույշ պետք է լինել: Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաև մշակույթ և միջավայր:

Այդ օրենքը դրված է իմ սեղանին: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության հետ խնդիր չունի: Ինձ մնում է ստորագրել օրենքը և կցել հայտարարություն: Ես հենց այդպես էլ արեցի՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները:

Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկել Ազգային ժողով, կանեի՝ նշելով, որ այս-այս պատճառներով պետք է օրենքում կատարվեն փոփոխություններ: Առավել ևս, եթե ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել